×


«Ավարտը կլինի անսպասելի»` Ելենա Արշակյանը «Եթե գտնեմ քեզ» սերիալի մասին

Շուրջ մեկ տարի է` ATV-ի եթերում ցուցադրվում է «Եթե գտնեմ քեզ» սերիալը: Թե անցնող տարվա ընթացքում ինչ դժվարությունների է հանդիպել ստեղծագործական թիմը, ինչ մթնոլորտում են անցել նկարահանումները եւ ինչպիսի ավարտ կունենա սերիալը, պրոդյուսեր Ելենա Արշակյանը պատմել է BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում:

«Այս նախագծի շնորհիվ լավ դերասաններ, ընկերներ ձեռք բերեցինք: Գտանք իսկապես ամենաթանկ բանը` լավ մարդկանց: Շատ ուրախ եմ, որ աշխատեցի տաղանդավոր, շնորհքով դերասանների հետ, ինչպիսիք են` Էմմա Մանուկյանը, Ռոզի Ավետիսովան, Արեւիկ Սանթրոսյանը, ում հետ վաղուց եմ աշխատում, Նաիրա Շահիրյանը եւ էլի շատերը: Իսկ մեր նկարահանող թիմն ավելի վարպետացավ եւ առաջիկայում ավելի լավ աշխատանք կկարողանա ներկայացնել»,-նշել է Ելենան:

«Եթե գտնեմ քեզ» սերիալի նկարահանումներին


Անդրադառնալով նկարահանումների ընթացքում հանդիպած դժվարություններին` նա ասել է.«Շատ փորձությունների միջով ենք անցել: Բառիս բուն իմաստով, դերասաններն ու ստեղծագործական թիմը միասին են ապրել: Նրանք ավելի շատ ժամանակ անցկացնում էին իրար հետ, քան` իրենց ընտանիքի անդամների. այդ օրերի ընթացքում նրանք սիրել են միմյանց, հարգել ու վիճել: Կստեմ, եթե ասեմ` ամեն ինչ հարթ է անցել, ամենամեծ խնդիրը Գեւորգի առողջական խնդիրն էր, որի պատճառով շատ դժվարությունների առաջ ենք կանգնել. ֆիլմի նկարահանման ընթացքում նա մի քանի վիրահատություն է տարել, ինչը փորձում էինք այնպես անել, որ հեռուստադիտողը չիմանա: Հաճախ սյուժետային գիծը տուժել է, քանի որ Գեւորգը չկար նկարահանման հրապարակում. վիրահատարանում էր: Եղել են դեպքեր, երբ վիրահատությունից անմիջապես հետո նկարահանում ենք արել, թեեւ բժիշկները թույլ չէին տալիս, բայց փորձում էինք լեզու գտնել, բացատրել, որ բազմահազարանոց լսարան ունեցող նովելը թեկուզ մեկ օր եթեր չգնալ չի կարող: Փառք Աստծո, նա այսօր իրեն լավ է զգում, կարողանում է քայլել»:

Ելենայի խոսքով` սերիալի շատ անսպասելի ավարտ է սպասվում.«Բավական բարդ նկարահանումներ ենք ունեցել ցրտին, անձրեւին, բայց քանի որ այդ տեսարանները շատ գեղեցիկ գրվել էին Անահիտ Մխիթարյանի կողմից, մենք պարտավոր էինք նույն կերպ մատուցել հեռուստադիտողին»:

«Եթե գտնեմ քեզ» սերիալի նկարահանումներին


Թե այս աշխատանքն ինչ դեր ունեցավ իր կարիերայում, Ելենան նշել է.«Ցանկացած նախագիծ, որ անում եմ, նախորդից լավը պետք է լինի. իրավունք չունեմ սխալվելու, հետքայլ անելու: Ես ասելով` նկատի ունեմ ստեղծագործական այն մեծ բանակը, որը կանգնած է իմ թիկունքում` Գուրգեն Սարգսյան, Եղիշ Սողոմոնյան, Տաթեւիկ Մարգարյան, Էդուարդ Հովակիմյան ու էլի շատ-շատ անուններ, ովքեր գուցե ոչինչ չասեն հեռուստադիտողին, բայց նրանք իսկապես նվիրյալներ են եւ ամեն ինչ արել են նախագծի կայացման համար»:

Տարին ամփոփելով` ռեժիսոր-պրոդյուսերը չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որեւէ կերպ աջակցել են իրենց.«Գուցե փիլիսոփայորեն հնչի, բայց կուզեմ` մարդիկ կարողանան շնորհակալ լինել: Ուզեմ եմ շնորհակալություն հայտնել մեր հեռուստադիտողներին, ովքեր ապրել են մեր հերոսների հետ: Մենք ամեն բան արել ենք նրանց համար, եւ եթե չզգայինք նրանց ջերմությունը, մեր աշխատանքն այդքան արդյունավետ չէր լինի: Նաեւ ձեզ եմ շնորհակալ, որ մեր ցանկացած աշխատանք լուսաբանել եք. առանց պրոֆեսիոնալ հրապարակումների, մեր աշխատանքը թերի կլիներ, այնպես որ, հեռուստատեսության մարդիկ, արվեստագետները, կինոգործիչները պետք է շնորհակալ լինեն ձեզ` իրենց աշխատանքը գրագետ լուսաբանելու համար»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին